Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մեծ Բրիտանիայի երկրորդ վարչապետի ինքնագոլը

Մեծ Բրիտանիայի երկրորդ վարչապետի ինքնագոլը
09.06.2017 | 22:44

Երեկ Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին: Վարչապետ Թերեզա Մեյը Համայնքների պալատին նոր ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարեց ապրիլի 18-ին՝ պնդելով, թե կարիք ունի առավել ուժեղ մանդատի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ բրեկզիտի բանակցություններում։ Քարոզարշավի ընթացքում պահպանողականները հանդես էին գալիս Բրյուսելի հետ բանակցություններում կոշտ դիրքորոշման օգտին։ Ջերեմի Կորբինի լեյբորիստական կուսակցությունը պնդում էր, թե պետք է հասնեն Եվրամիությունում ազատ առևտրի գոտու պահպանմանը։ Ընտրությունների գլխավոր թեման բրեկզիտը և սոցիալ-տնտեսական քաղաքականությունն էին: Վերջին 3 տարում Բրիտանիան երրորդ քվեարկությունն էր անում՝ 2015-ի խորհրդարանական ընտրություններին 2016-ի հունիսին հաջորդեց ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն: Այս ընտրությունների նախնական արդյունքներով՝ պահպանողականները ստացել են 313 մանդատ՝ 2015-ի համեմատ կորցնելով 18-ը, լեյբորիստները 260 մանդատ են ստացել՝ 28 մանդատ ավելի, քան նախորդ ընտրություններում, 35 մանդատ ստացել է Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ կորցնելով 21 մանդատ, լիբերալ դեմոկրատները ստացել են 14 մանդատ՝ 6-ով ավելի։ Պահպանողականները հաղթել են, բայց 13 մանդատ պակասում է խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 326 մանդատից: Համայնքների պալատը 650 տեղ ունի։
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անգլիական ֆունտը անկում է ապրել. 1 ֆունտ սթեռլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 2 սենթով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ստվերվեց մայիսի 22-ին Մանչեստրում և հունիսի 3-ին Լոնդոնում ահաբեկչություններով, երեք տասնյակ մարդ զոհվեց, 100 մարդ վիրավորվեց:


Ընտրություններից հետո լեյբորիստների կուսակցության նախագահ Ջերեմի Կորբինն ասաց, որ պահպանողականների արդյունքները հաղթանակ չի համարում; «Կուսակցությունը, որ տանուլ է տվել ընտրությունները, պահպանողականն է: Այն փաստարկները, որ պահպանողականները օգտագործում էին ընտրություններում, չաշխատեցին: Ես կարծում եմ՝ մեզ փոփոխություններ են պետք»՝ ասել է Ջերեմի Կորբինը: «Մենք երկրի բոլոր շրջաններում ձայներ ունենք և երեք միլիոն ձայն ավելի ենք ստացել, դա միանգամայն լավ արդյունք է»՝ գնահատել է լեյբորիստների ղեկավարը: Թերեզա Մեյը բախվել է ձախողումի հեռանկարին՝ տորիները ավելի քիչ ձայներ ունեն, քան ընտրություններից առաջ: Մեյին ապակողմնորոշեցին սոցիոլոգիական հարցումները, որ ապրիլին պահպանողականներին համոզիչ հաղթանակ էին խոստանում: Ջերեմի Կորբինն արդեն նրան հրաժարականի կոչ է արել, Թերեզա Մեյը պատասխանել է, որ երկրին կայունություն է պետք ու իր կուսակցությունը կարող է այդ կայունությունն ապահովել: Իր Իսլինգտոն-Նորդ ընտրատեղամասում ելույթ ունենալով՝ Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ Թերեզա Մեյը ճանապարհ տա այն կառավարությանը, որ «իսկապես ներկայացնում է ժողովրդին»: Նա հպարտ է ընտրությունների արդունքներով, որ անանել է «քվեարկություն հանուն հույսի ու լավագույն ապագայի»: Կորբինի կարծիքով՝ մարդիկ մերժել են կոշտ խնայողության միջոցները: Մեյդենհեդի իր ընտրատեղամասում ելույթ ունենալով՝ Թերեզա Մեյը վերջնական արդյունքներին սպասելու կոչ է արել և հավելել է. «Հիմա ինչպես երբեք, երկրին կայունության շրջան է պետք»: «Եթե պահպանողական կուսակցությունը ստանա խորհրդարանում ամենից շատ տեղերը և, հավանաբար, բոլորից շատ ձայներ, մեզ վրա կլինի կայունության ապահովման պատասխանատվությունը՝ հենց դա էլ մենք կանենք»՝ ասել է պահպանողականների կուսակցության նախագահը: Կառավարություն կազմելու համար, սակայն, տորիները մեծամասնություն չեն ստանում, նրանք կարող են համագործակցել հյուսիսիռլանդական դեմոկրատական կուսակցության հետ: Լեյբորիստների ստվերային ԱԳ նախարար Էմիլի Տորնբերին չի բացառել, որ Մեյը փորձելու է կառավարություն կազմել և բացառել է, որ լեյբորիստները կոալիցիա կազմեն, հայտարարելով, որ լեյբորիստները կձևավորեն փոքրամասնության կառավարություն և լիբերալ-դեմոկրատներին ու շոտլանդացի ազգայնականներին կոչ կանեն իրենց աջակցել: Ընտրությունների նախնական արդյունքներից հետո բազում հարցեր են ծագում՝ Թերեզա Մեյի ապագա պաշտոնավարման ու բրեկզիտի բանակցությունների ընթացքի վրա ընտրությունների ազդեցության վերաբերյալ:


Համայնքների պալատի 650 մանդատներին հավակնում էին պահպանողականները, լեյբորիստները, լիբերալ-դեմոկրատները, Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, Կանաչները, «Փլայդ Քամրին» (ՈՒելսի կուսակցությունը) և հյուսիսիռլանդյան չորս կուսակցություններ՝ դեմոկրատական յունիոնիստականը, սոցիալ-դեմոկրատական լեյբորիստականը, Օլստերի յունիոնիստական կուսակցությունը և «Շին Ֆեյնը»: Մեծ Բրիտանիայում գործում է մեծամասնական ընտրակարգ՝ Համայնքների պալատի բոլոր անդամները ընտրվում են միամանդատ ընտրատեղամասերում մեկ փուլով:


Վարչապետ Թերեզա Մեյը քաղաքական ռիսկային քայլ արեց ու տանուլ տվեց: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են, երբ կառավարությանը անվստահություն է հայտնվում, իսկ դա չկար, և երբ ինքնալուծարման օգտին քվեարկում է պատգամավորների երկու երրորդը: Գործող խորհրդարանում պահպանողականներն ունեին մեծամասնություն և բոլորովին պարտադիր չէր ավելին ունենալ՝ բրեկզիտի հաջող բանակցությունների համար: Մի քանի շաբաթ առաջ Թերեզա Մեյի դիրքերը անխոցելի էին թվում, բայց թույլ ընտրարշավը, լեյբորիստներն ու ահաբեկչությունները կործանեցին տորիների հույսերը: Ընտրողները նորից խառնեցին ընտրվողների խաղաքարտերը՝ կայունության փոխարեն Թերեզա Մեյը ստացավ անկայունություն ու անորոշություն: Նրա նախորդն էլ 2015-ի խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակից հետո կարող էր հանգիստ պաշտոնավարել մինչև հաջորդ ընտրություններ, բայց անհրաժեշտ համարեց ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել ու տանուլ տվեց հանրաքվեն 2016-ին՝ հարկադրված լինելով հրաժարական տալ: Ավելի ամուր դիրքերի համար Մեյը ցրեց խորհրդարանը ու արտահերթ ընտրություններում կորցրեց մեծամասնությունը: Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի վարչապետները Դաունինգ սթրիթում հայտնվելուց հետո կորցնում են իրականության զգացողությունը և արդեն երկրորդ ինքնագոլն են խփում սեփական դարպասը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բրիտանական թերթերի հիմնական թեման, բնականաբար, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: «Թերեզա Մեյի մեծ արկածախնդրությունը ձախողվեց»՝ վերնագրել է Times-ը: Թերթը կարծում է, որ պահպանողականները ճգնաժամի մեջ են, ձախողման պատճառը վարչապետի անհաջող ընտրարշավն էր: Նա հույս ուներ փոխել Բրիտանիայի քաղաքական քարտեզը, ռիսկի գնաց ու տանուլ տվեց: Times-ը կանխատեսում է քաղաքական քաոս ընտրություններից հետո: Վճռական, լայն աջակցություն ունեցող կառավարություն, որի կարիքն ուներ Մեծ Բրիտանիան բրեկզիտի բանակցություններից առաջ, մոտակայքում չկա: Times-ը հիշեցնում է, որ ընտրությունների մասին հայտարարվեց շատ արագ, առանց համակողմանի քննարկման գործընկերների հետ՝ ընդդեմ պահպանողականների ամենաթույլ ընդդիմության բրիտանական նորագույն պատմության մեջ: Չափավոր լեյբորիստները, որ հույս ունեին Կորբինից ազատվել, կարող են շարունակել միայն հուսալ՝ գրում է Times-ը: Չնայած այդքան շահեկան մեկնարկային դիրքերին՝ տորիների գործերը սկզբից էլ չէին ստացվում, իսկ Կորբինը իր ելույթների համար հավաքում էր լիքը դահլիճներ, տալիս էր անհնար, բայց գայթակղիչ խոստումներ: Տորիները կմնան ամենամեծ կուսակցությունը և հավանաբար կառավարություն կձևավորեն՝ գրում է Times-ը, բայց դա թույլ մխիթարություն է: Եթե Մեյի դիրքերը խորհրդարանում թուլանան, նա ավելի խոցելի կդառնա նույնիսկ իր կառավարության ներսում: Փոխվում է քաղաքական լանդշաֆտը Դաունինգ սթրիթից դուրս և քաոսն ավելի ու ավելի շատանում է:


Times-ը գրում է գլխավոր խնդիրների մասին, որոնց բախվելու է նոր վարչապետը: Այդ խնդիրներից են հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ սառը պատերազմից հետո իրենց վատագույն շրջանն են ապրում: Նախագահ Պուտինին դիմակայությունը ՈՒկրաինայի արևելքում ռուսամետ ուժերի ու Բաշար Ասադին աջակցության համար մնում է արդիական: Նոր վարչապետը պետք է բացատրի՝ բրեկզիտից հետո Մեծ Բրիտանիան կհանի՞ պատժամիջոցները Ռուսաստանից: Մոսկվայից ավելի ու ավելի բարձր են հնչում ահաբեկչության հարցում համագործակցության կոչերը Լոնդոնում ու Մանչեստրում ահաբեկչություններից հետո: Ընդունելը ռիսկային է՝ նշանակելու է աջակցություն հայտնել ռուսական կասկածելի մեթոդներին՝ մարդու իրավունքների խախտումներին ու արածների համար պատասխանատվությանը՝ դա բարդ հարց է Բրիտանիայի վարչապետի համար:
Guardian-ը էքզիտ պոլի արդյունքները Թերեզա Մեյի համար շոկ է համարում: Երբ Մեյը հայտարարում էր արտահերթ ընտրություններ, հարցումները պահպանողականներին իրենց մրցակիցների նկատմամբ 100 մանդատի առավելություն էին խոստանում Համայնքների պալատում: Լեյբորիստների ղեկավարը ամենածանր աշխատանքն անձամբ կատարեց ու շատ հաջող: Ջոն Քրեյսը գրում է, որ այդ ընտրությունները ոչ մեկին պետք չէին, ոչ ոք չէր ուզում այդ ընտրությունները, անգամ ինքը՝ Մեյը: Նրա համար դա բրեկզիտի շուրջ ընտրություններ էին, նա բազմիցս կրկնում էր, որ միայն ինքն ունի ԵՄ-ին հրաժեշտի լավագույն ծրագիր, բայց չգիտես ինչու այդպես էլ ծրագիրը մնաց անհայտ: Նա ուզում էր խոսել միայն «ուժեղ ու կայուն ղեկավարության» մասին: Նա շրջում էր երկրում ու համարյա դատարկ կենտրոններում հավաքվածներին համզում, որ միայն ինքը կարող է ապահովել ուժեղ ու կայուն ղեկավարություն, որովհետև ինքը ուժեղ ու կայուն ղեկավար է՝ հեգնում է լրագրողը, հավելով, որ որքան շատ էր ասում, այնքան անկապ էր հնչում:

Դիտվել է՝ 5416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ